Ավելացնել ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլեւ՝ արտաքին տեսքում․ այս սկզբունքը որդեգրելով՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ձեռնամուխ եղավ իրականացնելու ռեբրենդինգ։ Երեկ՝ հուլիսի 21-ին, ինքնատիպ երեկոյի շրջանակում ներկայացվեց թատրոնի նոր՝ ժամանակակից տարբերանշանն ու կայքը։ Փոփոխությունները կատարվել են՝ պահպանելով թատրոնի 90-ամյա պատմության արտացոլանքն ու այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։
Ռեբրենդինգի իրականացումը թատրոնի երիտասարդ թիմի մտահաղացումն է, իսկ պատասխանատու գործը վստահվել է «Ինդիգո Բրենդինգ» ընկերությանը:
«Օպերային թատրոնը կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը, ինչը մեծ պատիվ է, որովհետեւ Սպենդիարյանը մեր մշակութային հիմքերից է, եւ դա որեւէ մեկը չի կարող փոփոխության ենթարկել։ Քանի որ թատրոնը շատ լրջորեն սկսել է համագործակցել եվրոպական թատրոնների հետ, եւ մենք օպերային թատրոնների ընտանիքի մի մասնիկն ենք, մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերները խորհուրդ տվեցին միջազգային լեզվով խոսելու համար անել այն քայլը, որը կոչվում է ռեբրենդինգ։ Մեր երիտասարդ թիմը վեց ամիս շարունակ աշխատեց այդ գաղափարի շուրջ»,-պատմեց անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որն իր «կախարդական փայտիկի» օգնությամբ ազդարարեց երեկոյի պաշտոնական մեկնարկը։
Միջոցառմանը հրավիրված էին մեդիա անհատներ, լրագրողներ, դեսպաններ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Երեկոն վարում էր Նազենի Հովհաննիսյանը։ Միջոցառումը ուղեկցվեց երաժշտական համարներով եւ նվագախմբային կատարումներով, իսկ հյուրերն այդ ամենը վայելեցին հենց թատրոնի բեմից։