«Հայկական ժամանակը» գրում է. «Իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել։ Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է կոորդինացնելու։

Մասնավորապես, ինչպես նշում են մեր աղբյուրները, ներկայումս քննարկվոuմ է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին եւ փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերեւս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Սա, ինչպես նշում են մեր աղբյուրները, լինելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այս ամենը, սակայն, դեռ զուտ նախնական որոշում է։

Ամեն դեպքում, նույն իշխանական հավաստի աղբյուրները չեն բացառում, որ փոխվարչապետերի թիվը հասնի վեցի կամ ընդհակառակը՝ դառնա երեք»,- գրում է թերթը:  (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):