ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ շարունակում է քաղաքական ուժերի թիվ մեկ առարկան մնալ։ Այս հարցի շուրջ «Իրավունք» թերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, որը նշել է.
«Մենք համապարփակ տեղեկատվություն չունենք, թե ինչ է տալու Մաքսայի միությանն անդամակցումը եւ չգիտենք, թե ինչու այսպես տխուր վախճան ունեցավ Եվրոպական միության հետ այս գործընթացը։ Երբ այդ երկու գործընթացների վերաբերյալ մեզ տրամադրվի համապարփակ տեղեկատվություն, այդ ժամանակ էլ մեր դիրքորոշումը կլինի ավելի հստակ։
- Տիկին Զոհրաբյան, որպես Եվրոպական ինտեգրման հանաձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ գործընկերների բավական կոշտ արձագանքներին։
- Կարծում եմ՝ միանշանակ համարժեք է, որովհետեւ մի գործընկերոջ հետ 4 տարի ամենօրյա ռեժիմով բանակցություն ես վարում՝ բացարձակապես այլ տնտեսական ռեժիմին միանալու վերաբերյալ ու 4 րոպեում 180 աստիճանի շրջադարձ է կատարվում։
Ինձ համար եվրոպացի մեր գործընկերների արձագանքը հասկանալի է, բայց, կրկնում եմ, խմբակցությունը դեռեւս կքննարկի այս հարցը, երբ կունենանք համապարփակ տեղեկատվություն։
- Բայց չէ՞ որ արդեն իսկ պարոն Ծառուկյանն իր դիրքորոշումը հայտնել է այս ամենի վերաբերյալ։
ԲՀԿ առաջնորդը խոսել է Ռուսաստանի՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների մասին։ Միգուցե, Մաքսային միությունը շատ ավելի բարենպաստ տնտեսական ռեժիմ է Հայաստանի համար, բայց սա այն դեպքն է, որ «միգուցե»-ներով չպիտի առաջնորդվել»»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):