Ախալցիխե-Թբիլիսի երթուղային միկրոավտոբուսը Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

«Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկության համաձայն՝ ավտովթարի պահին երթուղային տաքսիում եղել է 14 ուղևոր։ Նրանցից 8-ը կոտրվածքներով ու կապտուկներով տեղափոխվել են Բորջոմիի Geohospital կլինիկա, այս պահի դրությամբ նրանցից 6-ը դեռ բժիշկների հսկողության տակ են։


«Մեկը կոտրվածքներ ունի, հինգը՝ կապտուկներ, նրանց վիճակը կարելի է միջին ծանրության գնահատել»,- հայտնել է կլինիկայի մենեջեր Իրակլի Դիասամիձեն։

Դեպքը հետաքննվում է 276 հոդվածի երկրորդ մասով, ըստ որի` մեքենան վարող անձը խախտել է ավտոմեքենայի, տրամվայի, տրոլեյբուսի, տրակտորի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները։

Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ էլ զբաղեցրած պաշտոնից կամ աշխատելու իրավունքից զրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։