«ՉԻ» տեղեկություններով՝ բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց և նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային միությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին, ուստի շտապել է սպասվելիք գործընթացներում «անսասան» պահել իր դիրքերը՝ վարչապետի աթոռով հանդերձ։

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստանում հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և նրան հավաստիացնել, որ խոսակցություններն իր կողմնորոշումների մասին դեպի արևմուտք՝ մտացածին են։ Ավելին՝ վարչապետը երդվել Է, որ իր համակրանքը միշտ Էլ եղել Է ռուսների կողմը, և Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ նա առաջնային դերակատար է համարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ավելին՝ վարչապետը թվել է իր կառավարության կազմում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ապարատում այն մարդկանց անունները, որոնք արևմտամետ կողմնորշում ունեն։ Եթե ավելի կարճ արտահայտվենք, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ վարչապետին հաջողվել է լուծել իր պաշտոնի հարցը, այսինքն՝ մնալ որպես ՀՀ վարչապետ։ Սերժ Սարգսյանի համար ռուսների որոշումը՝ թողնել վարչապետին անփոփոխ, անակնկալ է եղել։ Ընդ որում՝ տխուր անակնկալ»,–գրում է թերթը։