Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ նշվում է, որ «քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը»:

Տպավորություն է, որ Բլինքենը կարծես փորձել է պարզել, թե արդյոք պաշտոնական Երեւանն ունի ինչ որ պահանջներ ու առաջարկներ, եւ ստացել է պատասխան, որ այդպիսիք չկան՝ խաղաղության օրակարգին նվիրվածության շեշտադրումը դրա վկայությունն է։ Ընդ որում, Փաշինյանը հղում է անում Հայաստանի հանրության աջակցությանը։

Հիշվում է՝ Պուտինն էլ էր հղում անում մոսկովյան սցենարով ու քվոտաներով Փաշինյան-ՔՊ-ի ստացած խորհրդարանական մեծամասնությանը՝ ցավոտ որոշումների կայացման համար։ Իշխանություն քաղաքական պահանջներից հրաժարվելու եւ ռուսական պլաններին հավատարմության դիմաց՝ ահա Պուտին-Փաշինյան պայմանավորվածության էությունը։

Դա հենց խաղաղության օրակարգն է։ Փաշինյանը շարունակում է մակաբուծել «հանրության մանդատի ու աջակցության» վրա՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Բոլոր հանրություններն էլ խաղաղություն, կայունություն են ուզում, միեւնույն ժամանակ՝ դրանց իմաստը հայ հանրությանը պարզաբանվել է կենցաղային մակարդակով, խնամքով շրջանցելով քաղաքական հեռահար հետեւանքները։

Քաղաքական կեցվածք ու արժանապատվություն ունեցող իշխանությունը ժողովրդի աջակցությունը պարզելու համար կբացեր «խաղաղության օրակարգը» հենց քաղաքական հեռանկարի համատեքստում։ Մասնավորապես՝ սահմանազատման, խաղաղության պայմանագրով պատերազմի արդյունքների ճանաչում եւ Արցախի ու Նախիջեւանի խնդրի վերջնական փակում, Հայաստանի տարածքի մասնատում արտատարածքային ճանապարհներով, կամ ինչպես Լավրովն է ասել՝ «պարզեցված ռեժիմով», տարածքային նոր կորուստներ, որոնք ենթադրում են Հայաստանի սուբյեկտության վերացումը։ Որպես դրա հետեւանք՝ տնտեսական, պաշտպանական, սոցիալական խոցելի իրավիճակ։ Ինքը վարչապետն է ասել, որ սա էլ խաղաղության երաշխիք չէ։


Քաղաքական կեցվածք ու արժանապատվություն ունեցող իշխանությունը հանրությանը պետք է բաց ներկայացներ այս ամենը եւ հարցում աներ։ Դատարկ հույսերն ու սպասումներն ավելի վտանգավոր են երկարաժամկետ կտրվածքով, քան ամբողջ ճշմարտությունն ասելը։

Ինչ վերաբերում է անվտանգությանն ու խաղաղությանը, համաշխարհային ներկայիս «անցման շրջանում» դրանք հնարավոր է ապահովել միջազգային քաղաքական դերակատարման միջոցով։ Փաշինյանական օրակարգը քաղաքական դերակատարության հայտ չէ, ավելին՝ այն հայկական ինքնիշխան պետականության գոյությունն անիմաստ է դարձնում հիմնական դերակատարների համար։ Ավելին, այն դառնում է զոհաբերման հարմար օբյեկտ եւ կրկնակի թիրախ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/07/26/730293/