ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ մտադիր է խոսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ այս շաբաթ իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ակնկալում, որպեսզի քննարկի «մի քանի շաբաթ առաջ Մոսկվային ներկայացված «էական առաջարկը» եւ փորձի հասնել «անօրինական կալանավորված երկու ամերիկացիների՝ Փոլ Ուիլանի եւ Բրիթնի Գրայների ազատ արձակմանը»։


Նա նաեւ նախատեսում է քննարկել Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի տարանցման մասին վերջերս ստորագրված համաձայնագիրը։

Պետքարտուղարությունում կայացած մամուլի ասուլիսում Բլինքենն ասել է, որ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկի Ուկրաինայի հարցը՝ կրկնելով, որ «ԱՄՆ-ը չի քննարկի Ուկրաինան առանց Ուկրաինայի»։

Ինչպես հայտնում է CNN-ը, Բայդենի վարչակազմն առաջարկել է փոխանակել Վիկտոր Բուտին, որը 25 տարվա ազատազրկում է կրում ԱՄՆ-ում՝ ամերիկացիներ Բրիթնի Գրայներին եւ Փոլ Ուիլանին ազատելու հնարավոր գործարքի շրջանակներում։

Փոլ Ուիլանը Ռուսաստանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության մեղադրանքով։ Նա ունի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Իռլանդիայի քաղաքացիություն: Ամերիկյան կողմը բազմիցս պնդել է, որ Ուիլանն ազատ արձակվի։

Գրայները մարտին ձերբակալվել էր մայրաքաղաքի «Շերեմետեւո» օդանավակայանում։ Նրա ուղեբեռում արգելված կանեփի յուղով մի քանի վեյփեր էին հայտնաբերվել։ Դրանից հետո մարզիկը բերման էր ենթարկվել։

Գրայները Եկատերինբուրգի թիմում հանդես է գալիս 2015 թվականից։ Բասկետբոլիստուհին կրկնակի օլիմպիական չեմպիոն է եւ աշխարհի կրկնակի չեմպիոն՝ ԱՄՆ հավաքականի կազմում։

Վիկտոր Բուտը ձերբակալվել է 2008 թվականին Թաիլանդում, այնուհետեւ արտահանձնվել է ԱՄՆ-ին: Ամերիկյան դատարանը ռուսաստանցուն մեղավոր է ճանաչել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին զենք վաճառելու համար, որը ԱՄՆ իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Բուտն իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։