New York Times-ի սյունակագիր Բրեթ Սթիվենսը մեղադրել է նախագահ Ջո Բայդենին «անհաջողակ նախագահ» լինելու մեջ, ով այնքան թույլ է, որ արեւմտյան աշխարհը փաստացի առանց առաջնորդ է մնացել:

Սթիվենսը նաեւ հայտնել է, որ «լավագույն բանը», որը կարող է անել Բայդենը, անմիջապես հայտարարելն է, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար 2024 թվականին։


Հեղինակը Բայդենի հասցեին իր կատաղի քննադատությունը սկսել է այն հայտարարությամբ, որ «ժողովրդավարական աշխարհում այսօր առաջնորդներ չկան»։ Իր տեսակետը հիմնավորելու համար նա անդրադարձել է անցյալում ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությանը մասին՝ գրելով. «Քսանհինգ տարի առաջ մենք ունեինք Բիլ Քլինթոնի, Հելմուտ Քոլի եւ Թոնի Բլերի եւ Ալան Գրինսպենի ուժեղ ներկայությունը: Հիմա մենք ունենք անկարող ամերիկացի նախագահ, Գերմանիայի երկչոտ կանցլեր, Մեծ Բրիտանիայի վարչապետ, ով պատրաստվում է խայտառակ կերպով հեռանալ պաշտոնից»:

«Սովորական ժամանակներում դա վատ է: Վատ ժամանակներում դա աղետ է»,- հավելել է Սթիվենսը` նախքան համաշխարհային հարթակում Բայդենի հեղինակությունը քննադատության ենթարկելը: Նա նշել է, որ Բայդենի առաջնորդության բացակայությունը խաթարում է «միջազգային վստահությունը» ԱՄՆ-ի նկատմամբ։ Նա հիշեցրել է, թե ինչպես Աֆղանստանից զորքերի դուրսբերումը «վկայեց անկարողության եւ թուլության մասին» եւ ազդեց ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Բայդենի մոտեցման վրա։ Վերջինս նա որպես մի իրավիճակ է բնութագրել, «որում նախագահ Բայդենը բավարար աջակցություն ցուցաբերեց՝ լիակատար պարտությունը կանխելու, բայց ոչ մաքուր հաղթանակ ապահովելու համար»։

Հեղինակը նաեւ խիստ կասկածներ է հայտնել, որ Բայդենը կկարողանա հաղթահարել «Իրանի հետ սպասվող միջուկային ճգնաժամը, որի դեպքում նախագահը, կարծես, չունի այլ քաղաքականություն, քան բանակցությունները, որոնք ձախողման եզրին են»: Կա նաեւ «Թայվանի շուրջ սպասվող ճգնաժամը», որի հետ կապված Սթիվենսը կարծում է, որ Բայդենը տատանվում է: