Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների ներհոսքից հետո Երեւանում վարձակալությամբ տրվող բնակարանների գները 5 ամիս անց էլ չեն նվազում։ Այսօր գրեթե անհնար է մայրաքաղաքում 100 հազար դրամով մեկսենյականոց բնակարան գտնելը։ Մեկսենյականոց չկահավորված կամ կիսակահավորված բնակարանները տարբեր շրջաններում հիմնականում սկսվում են 120 հազարից դրամից։ Իսկ արդեն գույք եւ կենցաղային տեխնիկա ունեցող բնակարանների արժեքը սկսում է 200 հազար դրամից։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար է։ Մեր կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւանում համեմատաբար էժան բնակարան կարելի է գտնել Ավանում, Շենգավիթում, Մալաթիա Սեբաստիայում։ Շենգավիթում 100 հազար դրամով հնարավոր է վարձակալել Շիրակի փողոցում ընդամենը 18 քառակուսի բնակարանը, սակայն կապիտալ վերանորոգմամբ եւ կահավորված։ Ավանում կարող եք ձեռք բերել լավ կահավորված, մասնակի վերանորոգված երեք սենյականոց բնակարան 160 հազար դրամով։ Մինչդեռ Կենտրոն վարչական շրջանում ամենաէժան մեկսենյականոց բնակարանը՝ մասնակիորեն նորոգված 150 հազար դրամ է։ Երեքսենյականոց լավ կահավորված եւ նորոգված բնակարանները հիմնականում սկսվում են 250 հազար դրամից՝ հասնելով մինչեւ ավելի քան 1.5 միլիոնի։

Երեւանին մոտ գտնվող մարզերում նույնպես վարձով տրվող բնակարանների արժեքը բարձրացրել է։ Իհարկե ոչ այնքան կտրուկ, ինչպես մայրաքաղաքում է։ Սակայն, չպետք է մոռանալ, որ նախ մարզերում բնակարանների քանակն է քիչ, երկրորդն էլ աշխատավարձը համեմատաբար ցածր է։ Արտաշատում մեկսենյականոց կապիտալ վերանորոգված բնակարանն արժե 120 հազար դրամ, ինչպես Երեւանում է։ Իսկ Էջմիածնում դատարկ մեկսենյականոց բնակարանը տրվում է վարձակալության 110 հազար դրամով։ Ավելի հեռու մարզերում՝ Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում առավել մատչելի պայմաններ են ստեղծված վարձակալի համար։ Օրինակ՝ տուրիստական Դիլիջանում հնարավոր է 50 հազարով վարձակալել մեկսենյականոց կահավորված բնակարան, իսկ նույն քաղաքում կահավորված երեքսենյականոց բնակարանն արժե 100 հազար դրամ: Ջերմուկում էլ երկուսենյականոց 30 քմ տարածքով բնակարանն արժե ամսական ընդամենը 10 հազար դրամ։


Փետրվարից, երբ ռուս վարձակալների համար սեփականատերերը փաստի առաջ կանգնեցրին հայերին եւ պահանջեցին կամ լքել բնակարանները, կամ վճարել անհամեմատ բարձր գին, պարզ դարձավ, որ այս շուկայում հստակ որեւէ կարգավորում չկա, վարձատուներն էլ շատ հաճախ խուսափում են պայմանագրեր կնքել իրենց վարձակալների հետ։

Հասկանալու համար, թե որքանով է փոխվել իրավիճակը ամիսներ անց եւ պատրաստ են վարձակալները պայմանագիր կնքել, կապ հաստատեցինք նրանցից մի քանիսի հետ։ 5 ամիս անց էլ պետությունը կարծես չի շտապում կարգավորել անշարժ գույքի շուկան, վարձակալի իրավունքներն էլ անտեսվում են։ Բայց փետրվարյան իրադարձություններից դասեր քաղած վարձակալները բնակարան վարձելիս պահանջում են նոտարով հաստատված պայմանագիր կնքել՝ ապահովագրելով իրենց տհաճ անակնկալներից։