Գեղարքունիքի մարզում, այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արման Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ձախակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշների մեջ։

Shamshyan,.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա․ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Ջրափրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահանվող հատուկ տարածք։