Թայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հայտարարության մեջ, որը հրապարակվել է՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի:


Վան Ին խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չերազել Չինաստանի վերամիավորման մեծ գործին խոչընդոտելու մասին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Չինաստանը տարածք չի թողնի Թայվանի անկախության համար հանդես եկող ուժերի գործողությունների համար: Նա նաև վստահեցրել է, որ Չինաստանի զարգացումը զսպելու համար Թայվանն օգտագործելու փորձերը դատապարտված են ձախողման: Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել խաղարկել «Թայվանի խաղաքարտը»՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անկարգություններ ստեղծելու համար։


Նենսի Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայբեյի Սունշան օդանավակայան: Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղևորությունն է կղզի 1997 թվականից ի վեր: