ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի 24-րդ նստաշրջանի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ փորձագետների կողմից ներկայացվել են ապացույցներ, որ Դամասկոսի մերձակայքում քիմհարձակման հետևանքները նախապես պատրաստված են եղել: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Բերվել են անհերքելի ապացույցներ, որ Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին քիմհարձակման տեսանյութը և լուսանկարները նախապես պատրաստված են եղել: Հավաքվածներին ներկայացվել են բազմաթիվ ականատեսների վկայությունները, որ քիմիական զենքը Արևելյան Գուտայի շրջանում օգտագործվել է զինյալների կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այնտեղ նշվում է, որ ակտիվիստների կողմից դեպքի հետաքննությունը և ականատեսների վկայությունը փոխանցվել են Սիրիայում հետաքննություն անցկացնող անկախ հանձնաժողովին:
Միաժամանակ այսօր հայտնի է դարձել, որ սիրիական ընդդիմությունը անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկությունը քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու մասին առաջարկությունը: Նման նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի առաջարկությանը արձագանքել է նաև ԱՄՆ-ն: Այսպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի վրա ռազմական հարվածը կհետաձգվի, եթե երկիրը քիմիական զենքը տա միջազգային հսկողությանը: