Թուրքիայի իշխանություններն առաջարկել են փրկել Եվրամիությունը էներգետիկ ճգնաժամից «էներգետիկ միջանցքի» օգնությամբ, ինչպիսին արդեն գործող ցորենի միջանցքն է, գրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Turkiye պարբերականին։

Սպասվում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գալիք գագաթաժողովում (Ուզբեկստան) այսպիսի նախաձեռնությամբ հանդես կգա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Առաջարկը կարող է ներառել հեղուկացված բնական գազի տարանցումը Թուրքիայի տարածքով՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատման համատեքստում, «Հյուսիսային հոսք» խողովակաշարի սարքի հետ կապված խնդիրների պայմաններում։


Թուրքական մեկ այլ պարբերականի՝ Yeni Safak-ի տվյալներով, Եվրամիության ղեկավարությունը նախատեսում է ավելացնել Տրանսադրիատիկ եւ Տրանսանատոլիական գազամուղների (TAP եւ TANAP) թողունակությունը՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։

«Նախագիծը, որը ձգվում է Կասպիցի ադրբեջանական հատվածից, լրացուցիչ ներդրումներ է պահանջում Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու համար։ Եվրոպան ցանկանում է մեծացնել «Հարավային գազային միջանցքի» թողունակությունը, եւ այս համատեքստում տեխնիկապես հնարավոր է թվում ТАР-ի հզորությունը 10 միլիարդից 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելը։ TANAP-ի թողունակության ավելացումը 16 միլիարդից 24, իսկ հետո՝ 31 միլիարդ խորանարդ մետրի համարվում է նպատակ, որին կարելի է հասնել ներդրումների օգնությամբ»,- տեղեկացրել է պարբերականը։

Հուլիսին Թուրքիան դարձել է միջնորդ եւ երաշխավոր Մոսկվայի եւ Կիեւի միջեւ գործարքում՝ ուկրաինական ցորենը հետագա արտահանման դուրս բերելու համար։ Բեռներն ուղարկվում են ուկրաինական նավահանգիստներից Սեւ ծովի անվտանգ միջանցքով։ Ենթադրվում է, որ դա կօգնի ավելացնել հացահատիկի առաջարկը համաշխարհային շուկայում եւ խուսափել պարենային ճգնաժամից։