Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) երեքշաբթի՝ օգոստոսի 9-ին հայտարարել է Թայվանի շուրջ շուտով նոր զորավարժություններ սկսելու մասին։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post-ը։
Չինաստանի ռազմածովային նավատորմը եւ ռազմաօդային ուժերը կշարունակեն համատեղ մարտական պատրաստությունը կղզու ջրերում եւ օդային տարածքում քառօրյա զորավարժություններից հետո։ Չինական հրամանատարությունը միջոցառման նպատակ է նշել «համատեղ պաշտպանության» գործողություններին եւ Թայվանի «համատեղ շրջափակմանը» պատրաստվելը։ Զորավարժությունների անցկացման ժամկետը դեռեւս չի նշվել։
Հայտնի է, որ Պեկինի ծովային անվտանգության վարչությունը նավիգացիոն նախազգուշացում է հրապարակել։ Այն օգոստոսի 9-ից սկսած՝ երեք օրով սահմանափակում է մուտքը Նանսան կղզու (Հարավչինական ծով, Չժանցզյան) արեւելյան ջրեր (ժամը 8.00-18.00), երբ սկսվելու են հրաձգության վարժանքները։
Մեկ օր առաջ Թայվանի Զինված ուժերն ազդարարել էին հրետանային մարտական հրաձգությամբ զորավարժություններ անցկացնելու մասին։ Կղզու կենտրոնական տեղեկատվական գործակալության (CNA) տվյալներով՝ զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 9-11-ը, Փինդուն գավառի Ֆենգան նավահանգստի շրջանում։ Զորավարժությունների շրջանակում, մասնավորապես, գործադրվելու են 155 միլիմետրանոց հաուբիցներ եւ 120 միլիմետրանոց ականանետեր։ Բացի այդ, սեպտեմբերի 5-ին Փինդունում տեղի կունենան ամենամյա զորավարժություններ, որոնց ընթացքում կգործադրվեն AH-64E Apache ուղղաթիռներ։
Չինաստանի եւ Թայվանի միջեւ հարաբերությունները սրվել են կղզի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո, որը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։ Պեկինն ամերիկյան քաղաքական գործչի այցը համարել է մեկ Չինաստանի սկզբունքի խախտում եւ ոտնձգություն երկրի պետական ինքնիշխանության դեմ։