Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականին։

«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան եւ կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ եւ երեք բրոնզե մեդալ։


Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ եւ շատ մրցակիցներին էլ։

Հիմա մեր մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ շախմատային նոր դպրոցական ծրագրեր են կազմում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝ Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։