Ալպերում ռեկորդային բարձր ջերմաստիճաններն այս ամռանը հանգեցրել են այն բանին, որ սառցադաշտերի հալչելու հետեւանքով հայտնաբերվել են մարդկային երկու մարմինների եւ ինքնաթիռի մնացորդներ, գրել է The Guardian-ը։

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով հալվում են Շվեյցարիայի սառցադաշտերը՝ բացահայտելով իրենց տակ թաքնված գաղտնիքները. այս ամռանը զբոսաշրջիկները պատահաբար գտել են մարդկային մնացորդներ եւ ինքնաթիռի բեկորներ, որոնք անհետացել էին ավելի քան կես դար առաջ։


Ֆրանսիացի երկու լեռնագնաց մարդկային ոսկորներ են գտել Չեսեն սառցադաշտում։ Կմախքը ուղղաթիռով հանվել է նույն օրը։

Ոսկորները հայտնաբերվել են հին արահետի մոտ, որը չի օգտագործվում արդեն 10 տարի, ասել է Բրիտանիայում լեռնային հյուղակը հսկող Դարիո Անդեմմաթենը. լեռնագնացներն այստեղից են սկսում լեռ բարձրանալն այս շրջանում։

Նա նշել է, որ մարդը կարող էր մահացած լինել «1970 կամ 80-ական թթ.»։

Մեկ շաբաթ առաջ եւս մեկ մարմին էր հայտնաբերվել Շտոկի սառցադաշտում, Ցերմատ հանգստավայրից ոչ հեռու, Մաթերհորնից հյուսիս-արեւմուտք։ Երկու դեպքում էլ տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ մարդկային մնացորդների ճանաչման գործընթացը դեռեւս շարունակվում է եւ կտեւի «եւս մի քանի օր»։

Ալպյան շրջանի ոստիկանությունը 1925-ից ի վեր անհետացած մարդկանց ցուցակ է վարում։ Ցուցակում ներառված է նաեւ սուպերմարքեթների սեփականատեր, միլիոնատեր, Գերմանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի Կառլ-Էրիվան-Հաուբը, որն անհայտ կորել էր Ցերմատի շրջանում 2018թ. ապրիլի 7-ին։

Օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում լեռնային ուղեկցորդը գտել էր ինքնաթիռի մնացորդներ, որը կործանվել էր 1968թ. Ալեչ սառցադաշտի (Յունգֆրաու եւ Մյոնխ լեռնագագաթներից ոչ հեռու) օդային տարածքում։

Պարզվել է, որ դրանք Piper Cherokee ինքնաթիռի մնացորդներն են, որը կործանվել էր այս շրջանում 1968թ. հունիսի 30-ին։ Ինքնաթիռում գտնվել են ցյուրիխցի մի ուսուցիչ, գլխավոր բժիշկ եւ նրա որդին։ Մարմիններն այն ժամանակ հայտնաբերվել եւ հանվել էին։

Շվեյցարական Ալպերը ձմռանից հետո դիմացել է երկու ուժեղ ամառային ջերմային ալիքների։ Հուլիսին իշխանությունները լեռնագնացներին խորհուրդ են տվել չբարձրանալ Մաթերհորն՝ արտասովոր բարձր ջերմաստիճանի պատճառով, որը Ցերմատում հասել է Ցելսիուսի 30 աստիճանի։