Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ստում է, խեղաթյուրված է ներկայացնում փաստերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սյունիքի դեպքերին, այսպիսի հայտարարություն արեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Պարոն Ալումյանին ոչ մի հարց չեք տալիս, չեք ասում՝ որտե՞ղ են ապացույցները: Հայկ Ալումյանը ձեզ ասում է՝ երբ գալիս է Ավետիք Բուդաղյանը, նրա դիմաց գալիս են 5-6 հոգի, նրանցից մի քանիսը՝ զինված: Նման բան կադրերում չկա», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Հայկ Ալումյանի այն պնդումներին, որ վերեւից կրակոց էլ է եղել, որը տեսանյութում պարզ երեւում է, Ռուբեն Սահակյանը նշեց, որ վերևից կրակոց չի եղել:
«Պարոն Ալումյանը խախտում է անմեղության կանխավարկածը, ասում է՝ Սուրեն Խաչատրյանը դա արեց: Չի կարելի մարդուն մեղադրել, եթե չունես հիմքեր, - նշեց նա, հավելելով, որ ամենաշուտը կրակել է Տիգրան Խաչատրյանը, քանի որ սպանության սպառնալիքներ է լսել: