«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է. «Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության մանրամասների ճշգրտումը խիստ անհրաժեշտ է դառնում:
«Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- նշել էր Փաշինյանը։
Նա հավաստիացրել էր, որ այդ հարցերի հետ կապված հայկական կողմը 2020-ի նոյեմբերի 9-ից «ջանքեր է գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար»։
Հաջորդ օրը՝ օգոսոտոսի 5-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան Փաշինյանի այս հայտարարության, հայտարարեց, թե Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված։
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետն ուզում է քննարկման դնել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության մասով, դրա համար ես չեմ կարող այս պահին գուշակել»,- ասել է Լավրովը։
Լավրովին արձագանքեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, նշելով, որ խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց արտգործնախարարություն՝ խնդրելով տրամադրել խաղաղապահների մասով դեռևս նախորդ տարվա փետրվարին հայկական կողմի արված առաջարկները։
Ի պատասխան՝ ԱԳՆ-ն FIP.am-ին չի տրամադրել տեղեկություն առաջարկաների բովանդակության մասով, ինչպես նաև չի պարզաբանել, թե ինչ հիմքով է հրաժարավում հրապարակել առաջարկները։
Փոխարենը, ԱԳՆ-ն առաջարկել է հիմք ընդունել վարչապետի օգոսոտոսի 4-ի և ԱԳ մամուլի քարտուղարի օգոսոտոսի 5-ի վերոհիշյալ հայտարարություններն ու հավելել, որ «այս պահին հրապարակման ենթակա հավելյալ տեղեկատվություն առկա չէ»։
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը FIP.am-ի հետ հեռախոսազրույցում նույնպես հրաժարվեց պատասխանել նշված հարցերին՝ ասելով, որ հավելյալ որևէ տեղեկություն չունի տրամադրելու։
Այսպիսով, պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանից առաջարկներ չի ստացել, իսկ պաշտոնական Երևանը, ըստ էության, հերքում է դա, պնդելով, որ դեռևս 2021թ. փետրվարին այդ առաջարկները ներկայացվել են, միևնույն ժամանակ հրաժարվում է հրապարակել որևէ տեղեկություն այդ առաջարկների բովանդակության վերաբերյալ»։