ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաեւ վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձեւում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձեւի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետությունենրին, ուր ասվում է ` «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը եւ ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:

Համաձայն Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների` Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ է եղել թե՛ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանառվող, թե՛` ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012 թվականի զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգայն հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձեւի ոգուն եւ տարրին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաեւ` վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից` Լեւոն Զուրաբյան

ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյան