ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն վերադարձրել է Ֆլորիդայում գտնվող իր տանը խուզարկության ժամանակ առգրավված անձնագրերը։
«Արդարադատության նախարարությունը եւ ՀԴԲ-ն վերադարձրել են իմ անձնագրերը»,- գրել է Թրամփն իր Truth սոցցանցում։
Նա հայտարարել է, որ խուզարկության ժամանակ իրավապահներն իրենց հանցագործի պես են պահել՝ վերցնելով ձեռքի տակ ընկած ամեն ինչ։ «Ամերիկայում այդպիսի բան չպետք է տեղի ունենա»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ խուզարկության ժամանակ ՀԴԲ-ն առգրավել է իր երեք անձնագրերը, որոնցից մեկի ժամկետը լրացած է։ Անցյալ շաբաթ Թրամփն ասել էր, որ ՀԴԲ-ի գործակալները խուզարկել են իր Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքը՝ թույլ չտալով որեւէ մեկին, այդ թվում՝ փաստաբաններին, մասնակցել խուզարկություններին: Ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլենդն ասել էր, որ ինքն անձամբ է լիազորել խուզարկության համար հայց ներկայացնելը:
Ֆլորիդայի դատարանն ավելի ուշ հրապարակեց Թրամփի ունեցվածքի խուզարկության հրամանը եւ առգրավված գույքի գույքագրումը: Փաստաթղթերից երեւում է, որ խուզարկության հրամանը դատարանը հաստատել էր օգոստոսի 5-ի ցերեկը, ատյանը թույլ էր տվել ուսումնասիրել կալվածքի ամբողջ տարածքը։ Դատարանը, ի թիվս այլ բաների, առաջնորդվել է ԱՄՆ օրենսգրքի «պաշտպանական տեղեկատվության հավաքման, փոխանցման կամ կորստի» հոդվածով։ Առգրավված իրերի ցանկը փաստաթղթերով, գրառումներով, լուսանկարներով եւ հույժ գաղտնի փաստաթղթերով արկղեր է ներառում։