ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեուալ Ադեյեմոն եւ Թուրքիայի ֆինանսների փոխնախարար Յունուս Էլիտասը հանդիպման ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Oops Top գործակալությունը։

Ամերիկացի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան իբր օգտագործում է Անկարային՝ սահմանափակումները շրջանցելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ կողմերը հանդիպել են՝ հակառուսական պատժամիջոցների կիրառմանն ուղղված ջանքերը քննարկելու համար։


«Ադեյեմոն մտահոգություն է հայտնել առ այն, որ ռուսական կազմակերպություններն ու անհատները փորձում են օգտագործել Թուրքիան՝ ԱՄՆ-ի եւ 30 այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասվում է գանձապետարանի հայտարարության մեջ։

Ինչպես գրում է Financial Times-ը, արեւմտյան երկրները դիտարկում են Թուրքիայի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, եթե նա օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։