Շատ լավ ցատկեցի, բայց իմ արդյունքում կողմնապահություն եղավ: Ինձ, նաեւ Վահագն Դավթյանին անարդար դատեցին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Մյունխենում ավարտված Եվրոպայի առաջնությունում հենացատկի վարժությունում 14.983 միավորով նվաճեց արծաթե մեդալ: Նույնքան միավորով ոսկե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը, որի երկրորդ ցատկի բարդությունն ավելի բարձր էր գնահատվել մրցավարների կողմից:
«Իմ արդյունքում կողմնապահություն եղավ: Շատ լավ ցատկեցի: Ինքս գոհ եմ իմ մրցելույթից, բայց մեր մարզաձեւում ամեն ինչ լինում է, իմ ոսկե մեդալը, Վահագն Դավթյանի բրոնզե մեդալը անարդար կերպով մեզ բաժին չհասավ: Մասնավորապես, Վահագն Դավթյանի մեդալը անարդարացիորեն խլեցին: Երրորդ տեղը զբաղեցրած բրիտանացու եւ Վահագնի նախնական միավորները մեկ տասնորդականի տարբերություն էր, բայց Վահագնի եւ անգլիացու կատարումներն անհամեմատելի էին: Անգլիացին մաքուր չկատարեց իր վարժությունը: Անարդար դատավարություն էր:
Նույնը իմ պարագայում: Բոլորն էլ համաձայն չէին, որ երկրորդ ցատկիցս այդքան շատ միավոր հանեցին: Առաջին ցատկիցս էլ բավական հանեցին: 15.1 հաստատ պետք է ստանայի, եթե ոչ ավելի: Անգլիացու երկրորդ ցատկը բարձր գնահատեցին, այդ պատճառով հավասար միավորների պարագայում հաղթանակը նրան տվեցին:
Բողոքարկելու տարբերակ չունեինք: Նախնական գնահատականի դեպքում կարող ենք եւ իրավունք ունենք բողոքարկել, բայց երկրորդի դեպքում արդեն չենք կարող: Մրցավարների դատավարությունը չի բողոքարկվում:
Հիմնական ֆավորիտներից ինձ ավելի շատ մրցակից էի համարում բրիտանացուն, որը դարձավ չեմպիոն: Իրականում նա եզրափակիչ դուրս չէր եկել: Այսինքն՝ լավագույն ութնյակում էր, բայց ըստ կանոնակարգի, ամեն երկրից յուրաքանչյուր գործիքի վրա եզրափակիչին մասնակցելու իրավունք ունի ընդամենը երկու մարմնամարզիկ: Եզրափակիչ դուրս էին եկել Մեծ Բրիտանիայի երեք ներկայացուցիչ, որոնցից որակավորում տվել էին երկուսին: Ջեյք Ջարմանը որակավորում չէր ստացել, չնայած միավորներով 7-րդն էր: Նրանցից մեկը հրաժարվեց պայքարից, նրա տեղը Ջեյք Ջարմանը մասնակցության իրավունք վաստակեց, որովհետեւ իրականում նա հենացատկից շատ ուժեղ է: Ես հենց նրա հետ էի պատկերացնում իմ մրցակցությունը: Ամեն դեպքում ինքս գոհ եմ իմ ցատկերից»,- ասաց Արթուր Դավթյանը: