Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մերժել է Բունդեսթագի կառավարող կոալիցիայի պատգամավորների՝ Ուկրաինա ավելի շատ զենք մատակարարելու եւ, եթե պահանջվի, բունդեսվերի թուլացմանը համաձայնելու առաջարկը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանից Գերմանիային սպառնացող վտանգից ելնելով՝ երկիրը չի կարող դիմել նման ռիսկերի։ Այս մասին ասել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացրել է DW-ը։
«Իսկապես, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Պուտինը կարող է օգտվել ցանկացած թուլությունից եւ անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանական պատրաստության ժամանակավոր «ճեղքվածքից»,- նրա խոսքերը մեջբերել է AFP գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան պետք է դաշինքի գծով իր գործընկերներին «աջակցություն ցուցաբերի պարտավորությունների շրջանակում», ինչպես նախատեսված է ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի 5-րդ հոդվածում։ «Սառը պատերազմի ժամանակ մենք, հավանաբար, չէինք հասկանա, եթե մեր դաշնակիցները կրճատեին հավաքական պաշտպանությունը ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում իրավիճակի պատճառով, իսկ այդպիսիք աշխարհում եղել են»,- ավելացրել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։