Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հռոմեական «Լացիոյի» դեմ առաջիկա հանդիպումը։ Իտալիայի առաջնության երրորդ տուրի այդ խաղը տեղի կունենա օգոստոսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Հայ ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության առաջին տուրում, «Լեչեի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում՝ անցկացնելով 33 րոպե։
Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է Իտալիայի առաջնության չորրորդ տուրում, գրում է իտալական Corriere dello Sport-ը։ «Ինտերը» օգոստոսի 30-ին կընդունի «Կրեմոնեզեին»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առաջին երկու հանդիպումներում հաղթել է եւ «Նապոլիի» ու «Ռոմայի» հետ երեք առաջատարների թվում է։