Այսօր հաճախ կարելի է լսել այն մասին, որ Փարիզի Սեն Շապել տաճարի (13-րդ դար) արևմտյան պատին՝ աշխարհաստեղծման երեք դրվագներում, պատկերված է Հայակական Ճարտարապետության գոհարներից մեկը՝ Զվարթնոցի տաճարը (7-րդ դար), իսկ նրա առջև՝ Նոյան Տապանը՝ փրկվող կենդանիներով, այսպիսով ներկայացնելով ջրհեղեղից փրկության տեսարան:
Ո՞վ է առաջին անգամ նկատել այս նմանությունը, և ի՞նչ բուռն քննարկումներ են տեղի ունեցել այս քանդակի շուրջ անցյալ դարում:
Գոթական ճարտարապետության նշանավոր տաճարներից մեկի՝ Սեն Շապելի այս քանդակի մասին առաջին անգամ գրել է ճարտարապետ Տիրան Մարությանը 1959 թ-ին «Գրական թերթ»-ում լույս տեսած «Մի նորահայտ վկայություն» հոդվածում: Իր հոդվածում ճարտարապետը պնդում է, որ տաճարի արևմտյան պատի վրա՝ Նոյի լեգենդը պատկերող քանդակում, տապանը պսակող եկեղեցական շենքը չի կարող այլ բան լինել, քան Արարատյան դաշտում մինչև 10-րդ դարը կանգուն մնացած Զվարթնոցի տաճարը: Նա գտնում էր, որ այդ քանդակի հեղինակը պետք է լիներ հռչակված և Եվրոպա մեկնած հայ վարպետներից մեկը։ Իսկ թե ինչ ուղով է 13-րդ դարում Փարիզում հայտնվել արդեն վաղուց կործանված Զվարթնոցի տաճարի օրինակը, հեղինակը կարծում էր, որ, ամենայն հավանականությամբ, անհետացած որևէ մոդելի կամ մանրանկարի միջոցով:
1950-1960-ական թվականներին գիտական աշխարհում բուռն քննարկումներ են ծավալվել այս հարցի շուրջ, հայ արվեստաբաններից շատերը համամիտ էին Տիրան Մարությանի հետ, շատերը՝ ոչ:
Օրինակ, ճարտարապետ և արվեստաբան Ստեփան Մնացականյանը նկատում է, որ պատկերի մեջ տապանը ներկայացված է հեռանկարի տեխնիկայով, իսկ 13-րդ դարում հեռանկարային օրենքները դեռ անհայտ էին, հետևաբար նա ենթադում է, որ այս քանդակը ստեղծվել է 17 կամ 19-րդ դարերում, մի ժամանակ, երբ ոչ մի խոսք չէր կարող լինել Զվարթնոցի տաճարի վերարտադրության մասին։ Իսկ արվեստաբան Պատրիկ Դոնաբեդյանը գտնում է, որ Սեն Շապելի տաճարի Նոյան Տապանի զվարթնոցատիպ շինությունը ոչ այլ ինչ է, քան Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի խորհրդանշական պատկերը:
Թեև այս քանդակի շուրջ քննարկումները չեն դադարում մինչ այսօր, սակայն ազգությամբ հայ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Փարիզի Սեն Շապելի տաճար՝ ևս մեկ անգամ տեսնելու այս հարթաքանդակը՝ վստահ լինելով, որ այնտեղ պատկերված է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Զվարթնոցի տաճարը:
Ի դեպ, այսօր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում կարելի է տեսնել ֆրանսիական եկեղեցու հարթաքանդակի կրկնօրինակը, որի հեղինակն է քանդակագործ Վիգեն Ավետիսը: