Սեպտեմբերի 10-12-ին Արագածի գիտական կենտրոնի տարածքում նախատեսվում է երաժշտական փառատոն անցկացնել։ Նախնական տվյալներով՝ այն գրավելու է մի քանի հազար մարդու ուշադրությունը։ Այս մասին Երեւանում, օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավար, պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը։
Համերգի թույլտվությունը, նրա խոսքով, տվել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը գործում է էկոնոմիկայի նախարարության շրջանակում։
«Մենք դեմ չենք փառատոներին, երաժշտությանը, այդ թվում՝ էլեկտրոնային, բայց համերգը պետք է կազմակերպվի այլ տեղում։ Դա կարող է սպառնալիք ներկայացնել ինչպես գիտահետազոտական սարքավորման, որը գտնվում է կենտրոնի տարածքում, այնպես էլ փառատոնի մասնակիցների համար»,- ասել է Սարգսյանը։
Պրոֆեսորը նշել է, որ Հերունու հայելային ռադիոհեռադիտակը, որը գտնվում է նշյալ կենտրոնի տարածքում, աշխատել է 1998-2012թթ.։ Սարգսյանի հավաստմամբ՝ հեռադիտակն աշխատանքային վիճակում է եւ շատ զգայուն է։
«Խորհրդային շրջանում, ինչպես հասկանում եք, չաշխատող հեռադիտակների համար փող չէին հատկացնում»,- նշել է նախագծի ղեկավարը՝ հերքելով կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք, ըստ էության, պնդում են հակառակը։ Հիշեցնենք, որ իշխանության ներկայացուցիչները պնդել են, որ հեռադիտակն իբր չի աշխատում արդեն շատ տարիներ։
Ռադիոհեռադիտակը, Սարգսյանի կարծիքով, մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար։
«Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր երկրի համար ավելի կարեւոր՝ զվարճանքնե՞րը, թե՞ գիտության զարգացումը»,- ասել է պրոֆեսորը։
Ինչեւէ, նա խոստովանել է, որ գիտահետազոտական համալիրի տարածքն այսօրվա դրությամբ փաստորեն լքված է։ Բայց եւ այնպես, այն պահելու համար կառավարությունն ամեն տարի հատկացրել է 20 մլն դրամ։ Եվ սա՝ առնվազն։
Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ ինքը եւ նշանավոր այլ գիտնականներ քանիցս օգնության համար դիմել են կառավարություն։ Մասնավորապես, փորձել են կապ հաստատել ե՛ւ էկոնոմիկայի նախարարության, ե՛ւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության, անգամ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի հետ։ Վերջին նամակն ուղարկվել է օգոստոսի սկզբին հենց նրան, բայց պատասխան առայժմ չկա։
Գիտնականի հավաստմամբ՝ առաջացած խնդիրների լուծման պարագայում գիտական կենտրոնի հնարավորություններից կկարողանա օգտվել, օրինակ, պոլիտեխնիկական ինսիտուտը։ Նրա ուսանողները, մասնավորապես, հնարավորություն կունենան պատշաճ եւ բարձրորակ պրակտիկա անցնել։
Գիտնականը չի բացառել նաեւ հետազոտական լաբորատորիաների ստեղծման հնարավորությունը։
«Դրանցից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի ուսանողները»,- նշել է Սարգսյանը։
Պրոֆեսորը նշել է հեռադիտակի այլ առավելությունների մասին եւս։ Մասնավորապես, խոսքը ռազմական բաղադրիչի մասին է։
«Եթե հեռադիտակը կարելի լիներ օգտագործել, 44-օրյա պատերազմի հետեւանքները կարող էին այլ լինել»,- ասել է գիտնականը։