Քայլելիս կամ վազելիս «կողքի ծակոցը» բավականին տարածված գանգատ է, ինչի դեպքում դժվար թե բժշկի մոտ գնաս։ Բայց երբեմն կողքի ցավը քայլելիս կամ վազելիս կարող է վկայել լուրջ պաթոլոգիայի մասին:
Թե ինչո՞ւ է առաջանում այդ ցավը եւ ե՞րբ է այդ ախտանիշը տագնապալի, «Դոկտոր Փիթեր»-ին տված հարցզարույցում պատմել է սպորտային բժշկության բժիշկ Մարիա Կրամարովան։
Մասնագետի խոսքով՝ արագ քայլելիս կամ վազելիս «կողքը ծակում է» ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակ ունեցող մարդկանց, այլեւ փորձառու մարզիկների դեպքում։
Ծակող կամ ձգող ցավը սովորաբար առաջանում է աջ կամ ձախ կողատակում: Այս խնդրին իրականում բախվում է վազորդների մոտ 80 տոկոսը:
Շատ դեպքերում անհանգստությունն առաջանում է վազքին ոչ պատշաճ պատրաստվելու դեպքում, բացատրել է բժիշկը։
Սպորտային բժիշկը թվարկել է քայլելիս եւ վազելիս կողային ցավի հետեւյալ պատճառները.
– Ցավը կարող է առաջանալ, եթե մարդը ծանր կերակուրից հետո արագ վազում կամ քայլում է, քաղցր գազավորված ըմպելիքներ է օգտագործում, նշել է բժիշկը։
– Ցավ առաջացնել կարող է սխալ կեցվածքը եւ շնչառության տեխնիկան: Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ավելի շատ արյուն է հոսում դեպի այն մկանները, որոնք ներգրավված են մարզման մեջ, ուստի արյան մատակարարումը ստոծանուն կարող է խանգարվել՝ կողքի սպազմ առաջացնելով, բացատրում է Մարիա Կրամարովան։
– Ցավը վերացնելու համար խորհուրդ է տրվում նվազեցնել վազքի կամ քայլելու արագությունը, սկսել խորը շնչել քթով եւ արտաշնչել բերանով, հնարավորության դեպքում կանգ առնել եւ մի քանի թեքում կատարել դեպի առաջ եւ կողքեր:
– Եթե կողքի ցավ պարբերաբար է առաջանում եւ չի անհետանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, խորհուրդ է տրվում դիմել բժշկի։
Բժիշկը հավելել է, որ այդ ցավը կարող է երիկամների, լյարդի եւ լեղապարկի, փայծաղի, ստամոքսի հետ կապված բավականին վտանգավոր հիվանդությունների ախտանիշ լինել։