Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, որ դեռ պետք է շարունակենք, մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Ուրախ եմ, որ Հայաստանն այսպիսի մարզիկ ունի:

Այս մասին  Բելգրադից ասաց աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայր, անձնական մարզիչ, Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

97 կգ քաշային կարգի եզրափակիչում 30-ամյա ըմբիշը Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի նկատմամբ գեղեցիկ հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ:

Պարոն Ալեքսանյան, այժմ արդեն աշխարհի քառակի չեմպիոնի հայր եք, ինչի առիթով շնորհավորում եմ: Օլիմպիական խաղերից հետո տեւական դադար եղավ, ի՞նչն էր պատճառը:

Օլիմպիական խաղերից հետո կային վնասվածքներ, այդ մասին բոլորը գիտեին: Փորձեցինք, որքան հնարավոր է բուժել այդ վնասվածքները, բայց լիարժեք չեն բուժվել: Դեռ ունենք խնդիրներ, բայց նա այդ խնդիրներով ցույց տվեց, որ ուժեղ է:

Հավատո՞ւմ էիք, որ չորրորդ ոսկին կնվաճի Բելգրադում:

Արթուր Ալեքսանյանը հոգեբանորեն շատ հզոր է: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի մարզիկ ունի: Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, Բելգրադի մրցագորգում ապացուցեց, որ դեռ պետք է շարունակի: Մենք պետք է շարունակենք միասին մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր:

Հուսամ, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակներ դեռ կպարգեւենք: Կարեւորն այն է, որ ինքը տրամադրված է նորից անցնել օլիմպիական այն ծանր ճանապարհը, որը մի քանի փուլ անցել է: Այժն արդեն 4-րդ Օլիմպիական խաղեր: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հերոսություն կլինի: Ես նրա կողքին եմ, մենք միասին ենք անցնելու այդ ծանր ճանապարհը:

Արթուրի հետ չեմպիոնական շրջան անցաք: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ պահին:

Ես ուզում էի, որ Արթուրը միայնակ անցներ այդ շրջանը դրոշով, բայց ինքը պնդեց, որ այս անգամ իր հետ անցնեմ: Շատերը մտածում էին, որ Արթուրն այլեւս չի կարող որեւէ տիտղոս նվաճել, տարիքով է եւ այլն: Այս պատճառով այս առաջնությունում ցանկացավ ապացուցել, որ կարող է, նաեւ ինձ ապացուցել, որ մենք երկուսով կարող ենք: Ինձ ասաց՝ «Բարձրացիր, միասին ենք անցնելու չեմպիոնական շրջանը: Այս ճանապարհը միասին ենք անցել, պետք է այստեղ էլ միասին անցնենք»: Երջանիկ էի այդ պահի համար:

Չորրորդ անգամ եք հետեւում նրա չեմպիոն դառնալուն աշխարհի առաջնությունում: Ձեր ապրումները որպես հայր, մարզիչ Բելգրադում ինչո՞վ տարբերվեցին նախորդ անգամներից:

Ընդհանուր առմամբ Արթուրը մասնակցել է աշխարհի առաջնությունների 6 եզրափակիչների: Միայն 2019 թվականի աշխարհի առաջնությունում վնասվածքի պատճառով գոտեմարտին չմասնակցեց, որն իմ որոշումն էր: Մյուս 5 եզրափակիչներում ես սպորտային մոտեցմամբ եմ հետեւել նրա գոտեմարտերին, հաղթանակներին:

Գոտեմարտերի ընթացքում մարզիչ եմ, ով սխալները պետք է ուղղի, ասի, խորհուրդներ տա, հուշի: Միայն հաղթանակներից հետո, երբ տեսնում եմ նրան պատվո հարթակին, այդ ժամանակ նոր ինձ թույլ եմ տալիս որպես հայր ուրախանալ: Երջանիկ եմ զգում որպես հայր: Ես չեմ կարող նրա գոտեմարտերին որպես ծնող հետեւել: Ես գորգի վրա նրան տեսնում եմ որպես մարզիկ եւ այնպես եմ անում, որ նա էլ ինձ դիտարկի որպեսզ մարզիչ, որպեսզի կարողանա գորգի վրա լիարժեք ցույց տալ իր հնարավորությունները: Այդ զգացողություններն ամեն անգամ տարբեր են լինում, ամեն անգամ շատ ուրախ ու երջանիկ: