Նախորդ օրվա սանձաձերծած ագրեսիայի մնացած ուղղություններով, չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձաձերծած ագրեսիայի մնացած ուղղություններով, չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրները։
Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության եւ դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշում է նախարարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։