Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն իր այս ագրեսիայով:
«Ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ ասում եւ հասկանում եմ, որ շատ մանրամասներ գուցե չեմ կարող ասել, բայց նաեւ պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հեցն նոյեմբերի 10ժ-ից սկսած Ադրբեջանը պայքարում է այդ հայտարարության դրույթները ի չիք դարձնելու համար եւ պայքարում է եռակողմ հայտարարության երեք դրույթների դեմ: Առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը երաշխավորում է ՌԴ-ն եւ ՌԴ-ն ԼՂ-ի, շփման գծի, այդ թվում Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է եւ Լաչինի միջանցքը ստեղծվել է Հայաստանի ու ԼՂ-ի միջեւ կապ ապահովելու համար: Այս երեք դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, եւ փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ իր կարծիքով Ադրբեջանը իր դիրքորոշումներում որոշակիորեն խճճվել է. «Որովհետեւ օրինակ, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, եւ ինքը խորհրդային սահմանները չի ճանաչում, այդտեղից կարող է տրամաբանական հարց ծագել, թե ինչի՞ վրա են ադրբեջանցիները պնդում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Իմ կարծիքով, Ադրբեջանն արտահայտում է 44-օրյա պատերազմի արդյունքներից իր անբավարարվածությունը: Այս համոզմունքը ձեւավորվել է նաեւ բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա»,-ընդգծեց վարչապետը:
Հարցին, թե եղե՞լ են դիրքեր, որոնք հետ ենք բերել երեկվա կորստից հետո, Փաշինյանը պատասխանեց. «Եկեք մարտակաին դիրքերի վերաբերյալ հարցին չանդրադառնամ, որովհետեւ կներեք, գուցե կոպիտ հնչի, մենք դիրքի խնդիր չենք լուծում, մեր խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է: Ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա: ՀՀ տարածքն այն տարածքն է, որի վրա Հայաստանը հռչկել է իր անկախությունը: Դա Հայկական ԽՍՀ տարածքն է: Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, դա այլ հարց է:
Ինչ վերաբերում է մեր բանակին եւ կամավորական ջոկատներին, ակնհայտ է, որ մեր զինվորները, մեր կամավորականները առյուծի նման կռիվ են տալիս, եւ ուզում եմ Հայաստանի ու ժողովրդի անունից՝ երախտագիտության, շնորհակալության ու գնահատանքի խոսք ասել բոլոր այն մարդկանց, որոնք ձեռքը ձեռքին պաշտպանում են իրենց երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Փառք բոլոր ընկած հերոսներին»: