2013-ի մայիս ամսին «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ հայտնի գործարար Կարեն Շահմուրադյանի եւ ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի հանդիպումն ավարտվել էր վերջինիս դաժան ծեծի ենթարկելով: Արդյունքում Ռուբեն Թոփալյանի նկատմամբ, ով ստացել էր քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այտի շրջանում պատռվածք եւ լրատվամիջոցներով բարձրաձայնել խնդիրն ու պահանջել պատասխանատվության ենթարկել Կարեն Շահմուրադյանին, 2013-ի սեպտեմբերի 2-ին մեղադրանք է առաջադրվել քննիչ Նիկոլայ Բարսեղյանի կողմից: Այսինքն՝ Ռուբեն Թոփալյանը պահանջեց իրեն ծեծողին պատասխանատվության ենթարկել, սակայն հիմա գործն այլ շրջադարձ է ստանում:
«Ժամանակի» հետ զրույցում Ռուբեն Թոփալյանը նշեց, որ Աշոտ Շահմուրադյանը՝ Կարեն Շահմուրադյանի եղբայրը, իրեն համոզել է, որ հաղորդում չներկայացնի, չդիմի հիվանդանոց՝ բուժօգնության համար, ավելին՝ գումար է առաջարկել՝ ասելով. «Ռուբ, հո գիտես՝ ես պետք է թողնեմ, որ եղբայրս նստի՞»: Սակայն Ռուբեն Թոփալյանը չի համաձայնել եւ հաղորդում է տվել հանցագործության մասին:
Սակայն 4 ամիս անց` 2013 թ. սեպտեմբերի 2-ին, քննիչ Նիկոլայ Բարսեղյանի կողմից որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել Ռուբեն Թոփալյանին:
«Մենք բացարկ ենք հայտարարել քննչական վարչություն, որ այսուհետ գործով զբաղվի հատուկ քննչական վարչությունը: Ավելին, բացարկից հետո ես հեռախոսազանգ եմ ստացել Կարեն Շահմուրադյանից՝ սպառնալիքներով, որ դու ավելի լավ է իմ եղբորը եւ ինձ դուշման մի դարձրու, դու դրանից չես շահի, հարցրի՝ կվնասե՞ք, ասաց՝ ուղղակի նախազգուշացնում եմ»,- պատմեց Ռուբեն Թոփալյանը»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):