Հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը սեպտեմբերի 16–ի, ժամը 12:00–ի դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին  տեղեկանում է Առողջապահության նախարարությունց։

«Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,– ասվում է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։