Տաջիկստանի հետ սահմանին՝ Ղրղզստանի Բատկեն շրջանում, արտակարգ դրություն է հայտարարվել՝ Տաջիկստանի զինված ուժերի հաճախակիացած գնդակոծության հետ կապված, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մինչ այս Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ տաջիկ զինվորականները գնդակոծել են Բատկենի շրջանի սահմանամերձ Դոստուկ գյուղը։ Սա այսօր առավոտյան արդեն երկրորդ նման հաղորդումն է։


«Ժամը 11:15-ի դրությամբ Տաջիկստանի կողմից ականանետային կրակոցների է ենթարկվել Բատկենի շրջանի Դոստուկ գյուղը։ Տաջիկական կողմը երեք ականանետներից կրակ է բացել գյուղի ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ղրղզ զինվորականները «հետ են մղում հակառակորդի հարձակումը»։

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սահմանին բախումների արդյունքում զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երեխաներ, 103 մարդ վիրավորվել է։ Ղրղզստանի 136 հազար քաղաքացի տարհանվել է։

Տաջիկստանը զոհերի մասին չի հայտնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավարները ժամը 16.00-ին պայմանավորվել էին հրադադարի մասին։