Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ ծննդյան օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ձեր հաստատակամ և խորաթափանց առաջնորդության շնորհիվ Հնդկաստանը նշանակալի քայլեր է արել՝ դառնալու քաղաքականապես ավելի կայուն և ավելի ինտեգրված համաշխարհային տնտեսությանը, մասնավորապես, կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, համակարգչային արդյունաբերությունը, դեղագործական ոլորտը, գյուղատնտեսությունը և այլն։
Ձեր առաջնորդությամբ Հնդկաստանը դարձել է առանցքային դերակատարներից մեկը համաշխարհային քաղաքականության մեջ, որն այսօր առերեսվում է շատ մարտահրավերների ու ռիսկերի։
Ջերմությամբ եմ հիշում այդ մասին մեր քննարկումներն անցյալ տարի նոյեմբերին Գլազգոյում անցկացված ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում։ Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն նոր հնարավորություններ՝ հանդիպելու և գաղափարներ ու տեսակետներ փոխանակելու»: