Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մերժում է միջազգայնորեն ճանաչված, պատմական եւ աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն տարածաշրջանում՝ որպես Իրանի համար անընդունելի, հայտնում է Mehr-ը։

Ռաիսին Սամարղանդում (Ուզբեկստան) Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի զարգացումները, այդ թվում՝ Սիրիան, Աֆղանստանը եւ վերջին զարգացումները Կովկասում։


Երկու նախագահները քննարկել են նաեւ Էրդողանի՝ Թեհրան կատարած վերջին այցի եւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության 7-րդ բարձրագույն խորհրդի անցկացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ վերահաստատելով այդ պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,- ընդգծել է Ռաիսին։

Որպես օրինակ նշելով Իրանի աջակցությունն ընկերներին եւ հարեւաններին ճգնաժամերի ժամանակ՝ նախագահը պարզաբանել է, որ Իրանն իր հարեւանների բարեկամն է։

Իրանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են նաեւ Թուրքիայի նախագահի՝ Թեհրան կատարած վերջին այցի եւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության 7-րդ բարձրագույն խորհրդի անցկացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ եւս մեկ անգամ ընդգծել է այդ պայմանավորվածությունների կատարման արագացման անհրաժեշտությունը, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը հայտարարում է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անընդունելիության մասին։
Ավելի վաղ Իրանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող եւ անընդունելի գործողություն է։