Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։
NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Ենթասպա Գագիկ Մելքոնյանը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց: