Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում, ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում, բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կողմերն ընդգծել են խաղաղության կարեւորությունը տարածաշրջանում, տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։


«Քննարկվող հարցերի մեջ էր շարունակվող պատերազմն Ուկրաինայում եւ, որպես հետեւանք, անվտանգային բարդ իրավիճակն աշխարհում եւ տարածաշրջանում։ Նրանք ընդգծել են խաղաղության եւ կայունության կարեւորությունը տարածաշրջանի հետագա զարգացման եւ երկարատեւ բարգավաճման ապահովման համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Այս առնչությամբ խոսակցություն է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել 2021թ. աշնանը Վրաստանի միջնորդությամբ։ Այն ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին էր հանձնել երկրում կալանավորված 15 հայ զինվորականի՝ Աղդամի շրջանի ականադաշտերի քարտեզների դիմաց։

«Նշվել է, որ տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացման համար կարեւոր է նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը»,- տեղեկացրել է մամուլի ծառայությունը։

Հանդիպման ավարտին Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։