Սեպտեմբերի 13-ին կրակոցներից ժողովուրդն արթնացել է, էվակուացրել ենք նկուղները, օգնել ենք, որ նկուղներ իջնեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակվայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը:
Կեչուտի վարչական ղեկավարի ներկայացմամբ, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ժողովրդին տեղեկացրել են, թե որտեղ են ապաստարանները, որ անհրաժեշտության դեպքում իմանան, թե ժողովրդի որ մասը որ ապաստարանում պետք է թաքնվի:
«Գյուղում Ադրբեջանի հարձակման հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, վնասվել է 7 բնակելի տուն, այրվել են 100 հա դաշտեր: Ջրագիծն է վնասվել, որը հիմա հակառակորդը գրավել է եւ կարտոֆիլի հողատարածքներ ունենք, որոնք մնացել են առանց ոռոգման ջրի: Եթե ոռոգման ջուրը չլինի 10 հա կարտոֆիլի ցանքսեր չեն լինի: Վնասվել է նաեւ գազատարը: Այսօր նոր գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Տեղյակ չենք, թե որքան ժամանակում կվերականգնեն վնասները: Խմելու ջուր գյուղն ունի, ոռոգման ջրի ջրագիծն է վնասված:
Բացի այդ, պայթյուններից գյուղի վերեւի հատվածում ահագին անասուններ են սատկել, նաեւ վիրավորվել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմեր են ահագին վնասվել»,-ասաց նա:
Արտակ Բագրատյանը նշեց, որ այս պհին գյուղի բնակչության մոտ 30 տոկոսը վերադարձել է, այդ թվում կանայք, երեխաներ, սակայն դեռ դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում: Նրա խոսքով, հարձակումից հետո բնակիչները հեռացել են ու պատսպարվել իրենց հարազատների մոտ, ով որտեղ հարազատ ունի:
Նշենք նաեւ, որ Կեչուտում մեկ արկ ընկել է գերազմանոցի վրա, երեք արկ էլ՝ Կեչուտի ջրամբարի մեջ: