Ռուսաստանի հայտարարած զորահավաքի ֆոնին նախօրեի երեկոյան Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին խցանումներ են առաջացել, հղում կատարելով ականատեսներին՝ տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։ «Մարդիկ արդեն հանդիպակաց ուղի են դուրս եկել, ով՝ առանց հերթի, ով ինչքան ժամանակ է՝ սպասում է։ Անհնար է անցնել»,- ասում է մի մարդ։

«Աղետալի խցանումների» մասին, որոնք «տեղից գրեթե չեն շարժվում», խոսում են նաեւ «Իրավիճակը Վերին Լարս» անցակետում» ընկերությունում, «ВКонтакте» սոցցանցում։


«Խցանումներն աղետալի են։ Բոլորը կանգնած են, ոչ ոք չի շարժվում։ Վեցերորդ ժամն է՝ սահմանը չի երեւում»,- գրել է օգտատեր Ռուսլան Մալինովսկին։

«Գիշերվա ժամը 00.10-ից (սեպտեմբերի 22) կանգնած ենք Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին։ Չենք շարժվում։ Հավանաբար, սահմանը փակ է»,- ասել է Եվգենի Յուրեւիչը։

Հաճախ է հնչում հարցն այն մասին, թե արդյոք Վրաստան թողնում են զորահավաքի ենթակա տղամարդկանց։

Արտյոմ Գորլաչովը, որը հատել էր սահմանը սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին (Մոսկվայի ժամանակով), տեղեկացրել է, որ «ոչինչ չեն հարցրել, զինգրքույկ չեն հարցրել»։ Բայց, նրա խոսքով, «շատ արագ ամեն բան փոխվում է, գուցե արդեն այդպես չէ»։

Իսկ Լալի Վալիեւան հաստատել է, որ տղամարդկանց սահմանին սկսել են ստուգել։ «Սկսեցին ստուգել տղամարդկանց, ՌԴ քաղաքացիներին։ Սահմանին շատերին արդեն սպասում են, որպեսզի հետ դարձնեն»,- գրել է նա սեպտեմբերի 21-ին, ժամը 22.30-ին՝ նշելով, որ սահմանով «հիմնականում անցնում են միայն որոշակի տարիքի տղամարդիկ»։

Սահմանի խցանումների մասին տեղեկացրել են նաեւ «Վերին Լարս. Չաթ» Թելեգրամ-ալիքում։

«Կանգնած ենք Ռուսաստան-Վրաստան սահմանին ժամը 00.08-ից (սեպտեմբերի 22, Մոսկվայի ժամանակով), հիմա 1.58 է (սեպտեմբերի 22)։ Ընդհանրապես չենք շարժվել»,- գրել է Տոմա Կոլոտովան։ «00.00-ից բոլորը կանգնած են»,- հաստատել է Ալեքսանդրը։

Որոշ օգտատերեր նշել են, որ հերթը սահմանին սկսել է շարժվել, բայց շատ դանդաղ։ «Բաց է (սահմանը), բայց շատ դանդաղ է շարժը։ Հարցնում են, բայց բաց են թողնում, հենց նոր անցանք»,- Մոսկվայի ժամանակով ժամը 01.58-ին գրել է ll օգտատերը։