Իրանը հայտարարել է Խոդաֆարինում՝ Ադրբեջանի հետ սահմանին զենքով ու զինամթերքով մի խումբ ահաբեկիչների ձերբակալման մասին, գրում է Mehr-ը։

Սահմանային ծառայության հրամանատար, գեներալ Մոհամեդ Ահմադիի խոսքով՝ երեկ երեկոյան մի խումբ ահաբեկիչներ են բերման ենթարկվել, որոնք մտադիր էին դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի ներսում, նրանցից զգալի քանակությամբ զենք ու զինամթերք է առգրավվել։


Գեներալ Ահմադիի խոսքով՝ երկու ահաբեկիչ ձերբակալվել է, իսկ ոստիկանությունն առգրավել է նրանց երկու ավտոմեքենաները։ Առգրավված ավտոմեքենաների զննության ընթացքում զգալի քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, այդ թվում՝ չորս նռնակ եւ երեք հեռակառավարվող պայթուցիկ սարք։ Նրանցից նաեւ մի քանի տեսախցիկ, պլանշետ եւ բջջային հեռախոսներ են առգրավվել։

Նա հավելել է, որ ահաբեկիչները փոխանցվել են դատական ​​իշխանություններին, քանի որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Խոդաֆարիի շրջանը գտնվում է Իրանի հյուսիսարեւմտյան Արեւելյան Ադրբեջան նահանգում, որը սահմանակից է Ադրբեջանին։