Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ, կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Իրանի միջոցով ժամանակ սառեցնել եւ բանակի մարտունակությունը վերականգնել։
«Մենք արդեն երկու տարի կորցրել ենք։ Հիմա էլ չանենք, էլի ասենք՝ վիճակը լավ չէ, մեկ տարի հետո ասելու ենք՝ մենք ժամանակ ունե՞նք։ Սա այն քայլն է, որը միեւնույն է, պետք է անես։ Ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց ես գիտեմ, որ նման բանակցություններ եղել են։ Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգեւոր առաջնորդից, նախագահից եւ բարձրաստիճան զինվորականներից։ Կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Չլսել, չհասկանալ ինչի մասին է խոսքը հնարավոր չէ։ Ինչո՞ւ դա չարվեց երկու տարի առաջ, մեկ տարի առաջ։ Դա պետք է արվեր գոնե 2021 թվականի գարնանը։ Ժամանակ ունեցել ենք։ Հիմա պետք է անենք, որ երկու տարի հետո չասենք՝ ժամանակ ունե՞նք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։