«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:
Ի դեպ, Ցորի զորամասի զինվորների մահվան դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է, որի գործն արդեն դատարանում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում