Էներգետիկ ճգնաժամին դիմակայելու համար մեծ վարկային փաթեթ ստանալու Գերմանիայի ձգտումը ուժեղացրել է լարվածությունը ԵՄ անդամ երկրների շրջանում, որոնք Բրյուսելում հանդիպումների ժամանակ փորձում էին ընդհանուր մոտեցում մշակել գազի եւ էլեկտրաէներգիայի գների իջեցման համար, գրում է Financial Times-ը։

Հինգշաբթի օրը Բեռլինի կողմից հայտարարված 200 միլիարդ եվրոյի ծրագիրը նպատակ ունի օգնել աղքատ սպառողներին եւ արդյունաբերությանը այս ձմռանը վճարել էլեկտրաէներգիայի ավելի բարձր վարձավճարները:


Բայց ուրբաթ օրը Բրյուսելում էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպմանն ընդառաջ աջակցության մասշտաբը եւ հայտարարության ժամանակը հակառակ ռեակցիա են առաջացրել ԵՄ-ում:

Մի քանի դիվանագետներ հայտարարել են, որ Բեռլինի կողմից իր հարկաբյուջետային կարողության օգտագործումը, այն դեպքում, երբ մյուս մայրաքաղաքները պայքարում են աջակցության ֆինանսավորման համար, հակասում է էներգակիրների արտահանման հարցում Ռուսաստանին ԵՄ միասնական արձագանք ստեղծելու ջանքերին:

ԵՄ դիվանագետներից մեկն ասել է, որ գերմանական փաթեթը «թշնամանք է» առաջացրել հենց այն ժամանակ, երբ դաշինքը փորձում էր ընդհանուր մոտեցում գտնել՝ «խնդիրն արմատապես շտկելու համար»:

Բեռլինը նաեւ դիմադրում է գազի գների սահմանափակմանը, որին աջակցում է ԵՄ անդամ երկրների կեսից ավելին: Ուրբաթ օրը նախարարները համաձայնել են սպառողների եւ բիզնեսի համար էլեկտրաէներգիայի գների իջեցման երեք առաջարկների:

Բեռլինում որպես «պաշտպանական վահան» ներկայացված արդյունաբերության եւ տնային տնտեսությունների համար՝ 200 միլիարդ եվրո Շոլցի պլանը կֆինանսավորվի նոր վարկերով եւ կուղղվի վերագործարկված Տնտեսական կայունացման հիմնադրամի միջոցով՝ արտաբյուջետային հիմնադրամ, որը ստեղծվել է 2020 թվականին՝ օգնելու ընկերություններին գոյատեւել Covid-ի ժամանակ:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պաշտպանել է Բեռլինի ծրագիրը՝ ասելով, որ այն համահունչ է եվրոպական համերաշխությանը եւ մատնանշելով, որ ԵՄ անդամ մյուս երկրներն արդեն լուրջ քայլեր են ձեռնարկել էներգիայի ծախսերը նվազեցնելու համար: