ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հոժարակամ կլինի լրագրողներին հարցազրույց տալ իր սեփական հիվանդանոցում.
«Եթե ուզում եք հարցազրույց տամ, ես Ձեզ հրավիրում եմ Մալաթիա հիվանդանոց, էնտեղ հարցազրույց կտամ»,- այսօր ԱԺ միջանցքում շրջելիս, երբ լրագրողները նրան հարցեր հղեցին, այդպես արձագանքեց գործարար պատգամավորը:
Ի վերջո, լրագրողներին հաջողվեց նրան մի քանի հարց հղել: Հարցազրույցը առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև.
Սամվել Ալեքսանյան- Ու՞մ շուրջն է էսքան մարդ հավաքվում:
լրագրող-Ծառուկյան Գագիկի:
-Ծառուկյանը Գագիկը լավ գործ է արել էս երկրի համար:
-Մաքսային միության մասին ի՞նչ եք մտածում:
-Ոչ մի բան էլ չեմ մտածում, մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում:
-Բայց դուք եք բիզնեսով զբաղվում:
-Ես բիզնեսով չեմ զբաղվում:
-Ճի՞շտ է, որ «Կարֆուրի» տնօրենը Ձեզ նկատողություն է տվել:
-Ոչ, մատ ա թափ տվել վրես, դրա համար, տեսնու՞մ եք, տնից դուրս չեմ գալիս:
-Այդ դեպքում ինչու՞ եք եկել ԱԺ:
-Մի կերպ եկա, իրանք էստեղ չեն, եկել եմ:
-«Փակ Շուկան» բացու՞մ եք:
-Գնա շուկայի տնօրենից հարցրու:
-Փակ շուկայի կանայք Ձեր անունով են երդվում:
-Դուք էլ եք իմ անունով երդվում:
-Ինչքա՞ն եք վճարում Ձեր անունով երդվող կանանց:
-Գնացեք իրանցից հարցրեք:
-Բայց ումի՞ց են այդ կանայք Ձեզ պաշտպանում:
-Ձեզնից, որովհետև սաղի մասին ինչքան վատ բան կա գրում եք:
-Վատ բան մի արեք, չգրենք:
-Ես վատ բան չեմ անում, դուք եք ըտենց ներկայացնում: Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, սաղ էլ պաշտպանում են, վատ ա՞: Ես «Փակ շուկայի» սեփականատերը չեմ:
-Ասում են Դուք ուրախացել եք, որ մտնում ենք Մաքսային միություն:
-Հա ուրախացել եմ, որովհետև մեր երկրի շահերից է բխում:
-Մասնավորապես, ո՞ր շահերից:
-Ժամանակը գա, կասեմ էլի:
-Իշխանությանը չի՞ սպառնում Մաքսային միություն մտնելը:
-Մեր նախագահը ինչ անում ա, ճիշտ ա անում: Էսօր Մալաթիայում դպրոց վերաբացեցինք, 10մլն դրամի գույք եմ նվիրել, եկեք համ լավը գրեք, համ վատը:
-Ասում եք բիզնեսով չեք զբաղվում, բա 10 միլիան դրամ Ձեզ որտեղի՞ց:
-Էտ քեզ վերաբերվում ա՞: Բայց ես, մինչև պատգամավոր լինելը, բիզնեսով եմ զբաղվել, պահել եմ կուտակել եմ: Մի օր ձեր խիղճը կգա ու ճիշտը կգրեք:
-Բա Ձեր խիղճը ե՞րբ է գալու, որ պատմամշակութային արժեքը փրկեք:
-Ես էդ պատմամշակությաին արժեքը զիբիլանոցից, կռիսանոցից փրկել եմ:
-Ինչքա՞ն եք վճարել այդ կանանց:
-Քեզ ինչքան են վճարել, որ դու եկել ես էստեղ:
-Ինձ աշխատավարձ են տալիս նյութեր գրելու համար:
-Իրանց էլ աշխատանք եմ տվել, գործ եմ տվել: Մարդիկ աշխատում են:
-Ե՞րբ եք վերացնելու մենաշնորհը, թույլ տալու, որ գործարարները շնչեն:
-Ես բիզնեսով չեմ զբաղվում, նման հարցեր ինձ մի տուր:
-«Կարֆուրի» բացմանը ներկա լինելու՞ եք:
-Լենտը ես եմ կտրելու:
-Կարո՞ղ է համասեփականատեր դառնաք:
-Կարող է առաջարկի, ինչ կա՞ որ: Չեմ հրաժարվի, որ բերեն, քեզ նվիրեն, դու կհրաժարվե՞ս: