«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին մեկնարկած հերթական նստաշրջանը սպառվեց մեկ օրում։ Չնայած օրակարգում 20 նախագիծ էր ընդգրկված, սակայն ՔՊ-ականները, օգտվելով ընդդիմության բացակայությունից, նոն-ստոպ ռեժիմով, առանց առարկությունների ու ձգձգելու, արագ «քննարկեցին» նախագծերը։ Իսկ երեկ առավոտյան քվեարկեցին՝ ավարտելով ԱԺ աշխատանքները։

Հիշեցնենք․ օրակարգում ընդգրկված էին զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման, պետական տուրքի, փաստաբանության, ոստիկանության, զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին եւ այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ։ Փաստացի, այսօր ԱԺ-ի անունը կա` ամանում չկա։


Նկատենք նաեւ, որ իշխանական պատգամավորները նախկին դրայվով չեն ներկայանում նիստերին․ խորհրդարանում նրանց հիմնական առաքելությունն ընդդիմադիրներին բշտելն ու «ռազբորկաներ» անելն է` շեֆին դուր գալու նպատակով, սակայն հիմա ընդդիմությունը չկա` «ռազբորկաներն» էլ չկան, գալիս` ներկա են գրվում ու հեռանում:

Իսկ նախագծերի քննարկումներին հազիվ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ են մասնակցում։ Օրենսդիր մարմնի այսպիսի դեգրադացիա անգամ Շմայսի ու Լֆիկի ժամանակներում չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում