Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Չարենցի փողոցի 59 եւ 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարն ապամոնտաժել է: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի  ծառայությունից: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ, հաշվի առնելով տաղավարի հարակից բնակելի տների բնակիչների, ինչպես նաեւ երթեւեկության եւ հետիոտների անվտանգության ապահովման խնդիրները, դեռ նախկինում Երեւանի քաղաքապետարանի կողմից պահանջ էր ներկայացվել շահագործվող տաղավարը ապամոնտաժելու եւ գործունեությունը դադարեցնելու համար, որի իրականացումը, սակայն, դատական վիճարկումների հետ կապված, հետագձվել էր:

«Տաղավարն ապամոնտաժվում է մի քանի պատճառներով: Ի սկզբանե այն տեղադրվել է այլ նպատակով եւ նախատեսված չի եղել հեղուկ վառելիքի վաճառքով զբաղվելու համար: 90-ական թվականներին ոչ հիմնական շինությունների հատկացման, դրանց գործունեության հետ կապված եղել են որոշակի ընթացակարգեր, որոնք չեն նախատեսել իրավունքի նկատմամբ պետական գրացում: Հետագայում արդեն այդ ամենը կարգավորվել է օրենսդրությամբ եւ համապատասխան իրավական ակտերով, որի արդյունքում ներկայում նմանատիպ շինությունները ենթակա են քանդման: Ի դեպ, վերջին տարիներին տասնյակ նման տաղավարներ են ապամոնտաժվել»,- նշել է Հայկ Ասատրյանը: