Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խմբային մրցաշարի չորրորդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 7:1 հաշվով պարտության էր մատնել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին։


30-ամյա ֆուտբոլիստը 3 գոլը խփել էր 6 րոպե եւ 12 վայրկյանում՝ 76-րդ, 80-րդ եւ 81-րդ րոպեներին։ Երեք գոլային փոխանցումներն էլ կատարել էր պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։ Սալահը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին։

Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիական «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Բաֆետիմբի Գոմիսն էր, որ 2011-ին Զագրեբի «Դինամոյին» երեք գոլ էր խփել 8 րոպեում։