Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Ներկայացնելով փաթեթը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ սրանով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար սահմանել հավելավճար եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով»:
Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաև նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը:
«Ատեստավորման արդյունքում հավելավճար ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ: Այդ դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ստանալու օրվանից:
Բացի այդ, զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պյմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ նախագծերի փաթեթի ընդունում համարվում է անհետաձգելի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս նախաձեռնությունը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է. «Բայց այս դեպքում էլ մենք պետք է արձանագրենք, որ անցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում: Հենց օրենքը մտնի ուժի մեջ, կսկսվի կամավոր ատեստավորման գործընթացը: Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողը կստանա աշխատավարձի կրկնապատկում եւ գուցե ավելին: Այս պրոցեսը կլինի շարունակական»,-ասաց Փաշինյանը:
Նշենք, որ օրենքի նախագծի ընդունումը և դրա հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լրավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը ԶՈՒ համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին երրորդ տարվա ավարտին ամբողջությամբ ատեստավորելու և հավելավճար վճարելու դեպքում կարող է կազմել մինչև 60 մլրդ դրամ: