Անթույլատրելի եմ համարում, որ ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք: յս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը, որտեղ նա ՌԴ-ին մեղադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները «նպատակային սադրելու» համար:
«Նախ մենք սփյուռքային ժողովուրդ ենք, 3 մլն հայ է ապրում Ռուսաստանում: Այն ապուշը, որ հակառուսական կարծիքներ է արտահայտում, չի մտածո՞ւմ մեր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվել: Կամ այն ապուշը, որ հակաամերիկյան է, չի մտածո՞ւմ, որ 2 մլն հայ կա ԱՄՆ-ում:
Հետեւաբար, Ռուսաստանը մեզ համար բարեկամ երկիր է, Արեւմուտքն էլ մեզ համար թշնամի չէ: Դրա համար մենք չենք տեսնում այլընտրանք ռուս խաղաղապահներին, բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Արեւմուտքին:
Ես անառողջ եմ համարում այս մեղադրանքները Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին, սա մեր գործը չէ: Շատ ավելի լավ կլիներ, որ այդ նույն ժողովրդավարական երկիրը հստակ ասի, որ չի տեսնում ժողովրդավարական Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում: Սա է ամենակարեւորը, որովհետեւ եթե Արցախի մազը ծռվեց, դա լինելու է խայտառակություն ու խարան իրենց գլխին դաջված»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ դեռեւս կարողանում է Թուրքիային զսպել. «Կանցնի 1-2 տարի եւ դա կլինի անհնարին, եւ մենք կտեսնենք, որ կրկնվում է նացիստական Գերմանիայի օրինակը, երբ օգնում էին, բայց այդ հրեշը վերջում բոլորին վնաս տվեց»: