Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժություններն սկսվել են երկուշաբթի առավոտյան Արաքս գետի շրջանում, Արեւելյան Ադրբեջան եւ Արդեբիլ նահանգների հյուսիսում, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Զորավարժություններն անցկացվում են տարեկան ժամանակացույցի համաձայն՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։


ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Փակպուրը նշել է պարաշյուտա-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակման գործողությունը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական եւ մահասփյուռ անօդաչուների գործողությունըը ինչպես նաեւ Արաքսի վրայով կամրջի կառուցումը, հաղորդակցությունների գրավումն ու վերահսկողությունը, բարձունքների գրավումն ու ավերածությունները՝ որպես այս զորավարժությունների տարբեր փուլեր։

«Այս զորավարժությունների ուղերձը հարեւան երկրների համար խաղաղության, բարեկամության եւ կայուն անվտանգության ամրապնդումն է, իսկ թշնամիների համար՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի պատրաստ լինելն՝ Իրանի Զինված ուժերի մյուս ստորաբաժանումների հետ պաշտպանելու երկրի սահմաններն ու պատասխանելու ցանկացած սպառնալիքի», ընդգծել է գեներալ Փակպուրը։